ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասել է, որ իր տեղակալ Արթուր Առաքելյանի՝ վերջերս Թեհրան կատարած այցի արդյունքում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի` Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:
«Մի քանի ներդնողներ կան, անուններ չեմ ուզում նշել այս պահին, որովհետև երեք օր առաջ էլ մեզ մոտ կային մարդիկ, որոնք ոչ թե նախաձեռնություն ունեն ներդնելու, այլ նախաձեռնություն են հանդես բերում, որ քննարկենք այդ հարցը»,- ասաց Բեգլարյանը։
2013-ի հունվարին Հայաստանի կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը ստորագրեցին կոնցեսիոն պայմանագրեր, որոնցով ընկերությունը պարտավորվեց իր միջոցներով ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորությունը, իրականացնել շինարարական աշխատանքները՝ ծրագրի ավարտից հետո իրավունք ստանալով 30 տարի շահագործել երկաթգիծը:
Անցել է մոտ երկու տարի, օգոստոսին «Ռասիա ՖԶԷ»-ն միայն հասցրել է կառավարությանը ներկայացնել նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը:
«Ինձ համար ամենակարևորը այս հարցում այն է, որ տեխնիկական ուսումնասիրությունը ցույց է տվել՝ նախագիծը և շինարարությունը ավարտելուց հետո պետք է լինի շատ շահավետ, իսկ շահավետի դեպքում կլինեն նաև ներդնողներ»,- ընդգծել է Բեգլարյանը։
Նախարարը հավելեց՝ մինչև 2016 թվականի մարտը ընկերությունը «ներկայացնելու է երկաթգծի կառուցման վերջնական նախագիծը»։ Հայաստանի տարածքում այդ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 3 միլիարդ դոլար: